15 հունիսի 2015 - 11:40 AMT
Աննա Մելիքյանը` «Կինոտավր»-ի գլխավոր մրցանակակիր

Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է Ռուսաստանի «Կինոտավր-2015» 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև կինոքննադատների ժյուրիի մրցանակը: Կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 14-ին Սոչիի Ձմեռային թատրնում: Մրցանակը հանձնել են փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին, ստուգատեսի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆյոդոր Բոնդարչուկը և ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ալեքսանդր Ուչիտելը: «Ֆիլմերը տարբեր էին, շատ հետաքրքիր էր այս տարվա ծրագիրը: Եթե ինչ-որ մեկը որոշի, որ մենք սխալ ենք վարվում, ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,-հայտարարել է ժյուրիի նախագահը:

«Ինձ համար սա շատ կարևոր մրցանակ է, քանի որ կյանքումս առաջին անգամ գիտակցված նկարահանել եմ ֆիլմը հանդիսատեսի համար»,-ասել է Մելիքյանը: Անցյալ տարի նա ստացավ «Կինոտավրի» մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար «Աստղ» ֆիլմի համար:

«Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով միավորված նովելների հավաքածու է: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլոք:

Այս տարի լավագույն ռեժիսոր ճանաչվեց Ալեքսեյ Ֆեդորչենկոն` «Հեղափոխության հրեշտակների» համար: «Լավագույն դեբյուտի համար» մրցանակին արժանացավ Էլլա Մանժիևայի «Ճայերը» կինոնկարը: Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացավ Պոլինա Գրիշինան, որը կատարեց գլխավոր դերը Իվան Վիրիպաևի «Փրկություն» ֆիլմում: Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը կիսեցին չորս դերասաններ` Վասիլի Բուկևիչը, Պավել Չինարյովը, Ալեքսանդր Պալը և Իվան Յանկովսկին Միխայիլ Մեստեցկու «Քրջերի միությունը» ֆիլմի համար:

Աննա Մելիքյանը խոստումնալից երիտասարդ ռեժիսոր է: Ամերիկյան Variety ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային ռեժիսորների տասնյակում: Կուրսայիններից հետո նրա առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Մարսի»պրեմիերան տեղի ունեցավ 2004թ. Բեռլինի կինոփառատոնում, իսկ երկրորդը՝«Ջրահարսը» 2008-ին Օսկարի էր հավակնում Ռուսաստանից:

Ռուսաստանի «Կինոտավր» 25-րդ բաց փառատոնում Մելիքյանն արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին «Աստղ» ֆիլմի համար: Աննա Մելիքյանի ներկայացրած մյուս ֆիլմը` «Սիրո մասին-2», կարճամետրաժների մրցութային ծրագրում դիպլոմի է արժանցել: «Աստղը» ֆիլմը երկար ժամանակ հույժ գաղտնի էր պահվում: Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ տասնհինգամյա ներփակված Կոստյան, որը հարուստ ընտանիքից է, նրա խորթ մայրը՝ Ռիտան, և ոչ այնքան տաղանդավոր սկսնակ դերասանուհի Մաշան:

Ընդ որում, սցենարը գրվել է մի քանի տարի շարունակ և բազմաթիվ անձնական դիտարկումների արդյունք է: «Երբ ես գրում եմ, ոչինչ չեմ հնարում: Ամեն ինչ ստացվում է ինչ-որ տեղ ծածուկ նայած, լսածից, դրա համար ֆիլմի հերոսները նախատիպեր ունեն: Ոորոշ կերպարներ ինչ-որ մեկին կարող են շատ ծանոթ լինել: Բայց ֆիլմում ամեն ինչ՝ թե՛ իրադրությունները, թե՛ մարդիկ, հազարավոր մանրուքներից ու բնավորություններից են կառուցված»,- բացատրել է ռեժիսորը: