29 սեպտեմբերի 2006 - 14:42 AMT
Վարդան Օսկանյան. ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 3-ին
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջան նրանց այցի վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, միջնորդները Հայաստան կժամանեն հոկտեմբերի 3-ին: «Համանախագահների հետ խորհրդակցությունից հետո կարելի կլինի խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորության մասին»,-ասել է Վ.Օսկանյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ քանի որ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումները կոնկրետ արդյունք չեն տալիս, դրանք անիմաստ են դառնում: «ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունից հետո փոխվեց նաեւ իրավիճակը եւ հանդիպումներն անիմաստ դարձան: Բանակցությունների համար հարակովր է ինչ-որ բան ունենալ որպես ելման փաստաթուղթ, անհրաժեշտ է ինչ-որ որոշում կայացնել, այլապես ուղղակի հանդիպել հարկավոր չէ»,-նշել է Օսկանյանը: