19 հունիսի 2015 - 17:58 AMT
Երևանն ապահովագրված չէ ուժեղ ջրհեղեղից. Պատճառը սխալ քաղաքաշինությունն է

Երևանում հնարավոր է Թբիլիսիում տեղատարափ անձրևներից հետո տեղի ունեցած արտակարգ իրավիճակի կրկնությունը՝ մայրաքաղաքում քաղաքաշինական աշխատանքներ իրականացնելիս չափանիշներին չհետևելու հետևանքով, ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Տարերքի պատճառով ջրասույզ եղան անցումները, նկուղները, ջրով լցվեցին տների առաջին հարկերը, վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքները։ Վերջին տվյալներով՝ hեղեղումների հետևանքով 19 մարդ է զոհվել, անհետ կորած է համարվում վեց մարդ: Զոհերի թվում չորս հայ կա: Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էին փախել` գայլեր, վագրեր, արջեր:

«Ողջ խնդիրը սխալ քաղաքաշինությունն է, որն իրականացվել է Հայաստանի անկախանալուց հետո։ Երևանում ժամանակին եղել է երկու ջրանցք` անձրևաջրերի հեռացման համար` Հրազդան գետը և նրա վտակ Գետառը, որոնք այսօրվա դրությամբ կառուցապատվել են ճանապարհներով, սրճարաններով, ռեստորաններով»,– պարզաբանել է Դանիելյանը, գրում է Newsarmenia.am-ը:

Փորձագետը նշում է, որ իրավիճակը խորանում է նաև նրանով, որ մայրաքաղաքի դրենաժային համակարգն այսօրվա դրությամբ վատ վիճակում է։ Որոշ վայրերում այն գրեթե չի գործում։

Իր հերթին ջրաբան Ռոլանդ Մանուկյանը նշել է, որ Երևանի Ավան–Առինջ շրջանում գտնվող լճակը, որը նախկինում կատարել է սելավատարի գործառույթ, նույնպես կառուցապատված է։

Նա տեղեկացրել է, որ բազմիցս դիմել է տարբեր մակարդակների տարբեր ատյաններ, սակայն չի ստացել որևէ արձագանք։

Փորձագետները համոզված են, որ տարերային աղետի վտանգը հորդառատ անձրևների դեպքում բարձր է նաև Հայաստանի այլ քաղաքներում։ Դրա պատճառը, նրանց համոզմամբ, շատ տարածքներում անտառահատման պատճառով սողանքների սպառնալիքն է։