22 հունիսի 2015 - 11:09 AMT
Քաբուլում «Թալիբանի» զինյալները փորձել են գրավել խորհրդարանի շենքը. Կան վիրավորներ (թարմացված)

Քաբուլի կենտրոնում գտնվող Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտ մի քանի պայթյուն է որոտացել, որից հետո զինյալները սկսել են գրոհել շենքը:

Ավելի քան 20 մարդ է վիրավորվել, հայտնել է տեղական TOLO News հեռուստաալիքը առողջապահության նախարարության վրա հղումով: Ըստ բժիշկների, 21 տուժածներից 5-ը` կանայք են, 3-ը` երեխաներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թեթև բեկորային վնասվածքներ են ստացել մի քանի խորհրդարանականներ, սակայն, ըստ ՆԳՆ տեղեկությունների, պատգամավորներից ոչ մեկը չի տուժել:

ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկկին հայտնել է, որ գրոհայինները պայթեցրել են խորհրդարանի առջև կայանած ականապատ մեքենան, իսկ հետո սկսել են շենքի գրոհը: Գրոհի պահին խորհրդարանականները պատրաստվում էին հաստատել պաշտոնում երկրի պաշտպանության նոր նախարարին, որի պաշտոնը թափուր է մնում գրեթե 9 ամիս:

Խորհրդարանի պաշտպաններին հաջողվել է հետ մղել հարձակվողներին, որոնք բարիկադավորվել էին կողքի շենքում: Քաբուլի ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահները հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել են հարձակման բոլոր 6 մասնակիցներին:

«Փաժվակ» գործակալությունը հայտնել է, որ պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:

«Թալիբանի» գրոհայիններն իրենց հսկողության տակ են առել Կունդուզ գավառի հերթական շրջանն Աֆղանստանի հյուսիսում, հայտնել է AP գործակալությունը` գավառի խորհրդի ղեկավար Մոհամմադ Յուսուֆ Այուբի վրա հղումով:

Ըստ պաշտոնյայի, գրոհայինները հարձակվել են Դաշտի Արչի գավառի վրա չորս կողմից և կատաղի բախումներում տեղի ուժայինների հետ ամբողջությամբ իրենց հսկողության տակ են առել շրջանը: Այուբին հայտնել է նաև, որ այդ տարածքում մոտ 150 հազար մարդ է բնակվում:

Ինչպես նշում է AP-ին, «Թալիբան» շարժումը հայտարարություն է տարածել` հաստատելով գրավելու փաստը: Նախօրեին գրոհայինները գրավել էին Քունդուզի Չախար-Դարա շրջանը:

«Թալիբանի» գրոհայինները հարձակման անցան ապրիլի վերջում` չնայած երկրի կառավարության խաղաղության շուրջ բանակցությունները վերսկսելու ջանքերին: Մայիսին նրանք շրջափակեցին Կունդուզ քաղաքը: Ըստ տեղի իշխանությունների, «Թալիբանի» մարտիկների հետ կողքի կողքի կռվում են «Իսլամական պետության» ծայրահեղականները: Սա «Թալիբանի» առաջին մեծ գրոհն է ՆԱՏՕ-ի միջազգային առաքելության ավարտից հետո:

Թալիբանը 1994 թ. Աֆղանստանի պուշտունների շրջանում առաջացած իսլամիստական շարժում է, կառավարել է Աֆղանստանում 1996-2001 թթ.: Դիվանագիտորեն ճանաչված է երեք պետությունների կողմից՝ ԱՄԷ, Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի: ՄԱԿ ԱԽ-ն «Թալիբանը» դասում է ահաբեկչական կազմակերպությունների թվին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: