29 սեպտեմբերի 2006 - 21:33 AMT
Նախագահ Ժակ Շիրակը ժամանել է Երեւան
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ֆրանսիական հանրապետության ղեկավարին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է Regnum-ը, 40 րոպե ավելի վաղ Երեւան էր ժամանել Ֆրանսիայի նախագահի կինը` Բերնադետ Շիրակը, ում օդանավակայանում դիմավորել է Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կինը` Նանի Օսկանյանը: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի տիկնոջ հետ Փարիզից Երեւան են ժամանել նաեւ լրագրողներ: Ինքը` Ժակ Շիրակը, Երեւան է ժամանել Բուխարեստից:

Այցի շրջանականերում Ֆրանսիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, կայցելի Ցեղասպանության Թանգարանը: Ժակ Շիրակը նաեւ կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ կայցելի Երեւանում Ֆրանսիայի դեսպանատունը: Երկու նախագահների մասնակցությամբ կկայանա Ֆրանսիայի հրապարակի բացումը հայկական մայրաքաղաքի կենտրոնում: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը ներկա կգտնվեն «Շարլ Ազնավուր եւ ընկերներ» համերգին, որը կազդարարի Ֆրանսիայում Հայաստանի Տարվա բացումը, որը կրում է «Հայաստան իմ ընկեր» անվանումը: