
ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը ընդգրկված է եղել Վենետիկում ընթացող Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 103-րդ լիագումար նիստի օրակարգում, որին մասնակցել է հանձնաժողովի բյուրոյի անդամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Վենետիկի հանձնաժողովը դրական է համարել այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն է տվել հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին և երաշխավորել է զեկուցողների խմբին հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ, գրում է Panorama.am-ը:
Լիագումար նիստում արձանագրվել է, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ արդյունավետորեն գործակցում են Վենետիկի հանձնաժողովի անդամներ Բարտոլեն (Իտալիա), Էնդինշը (Լատվիա), Գրաբենվարտերը (Ավստրիա), Տուորին (Ֆինլանդիա), Տանչևը (Բուլղարիա) և Խաբրիևան (Ռուսաստանի Դաշնություն)՝ որպես հանձնաժողովի զեկուցողներ: Տուորին, մասնավորապես, շեշտել է, որ փորձագիտական խումբը բացարձակ դրական է գնահատում արդեն իսկ քննարկված սահմանադրական փոփոխությունները:
2014-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է նախագահին ու հրապարակվել: Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում է, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է ՀՀ Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:
Հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում քննարկման առարկա է դարձել նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվող զանգվային ոտնձգությունների հետ, տեղեկացնում է Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունը:
Տվյալ հարցը քննարկվել էր նաև հունիսի 18-ին՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի նախօրյակին կայացած Հանձնաժողովի բյուրոյի նիստում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը թուրքական դատարաններից, դատախազներից և փաստաբաններից մեծաքանակ նամակներ է ստացել առ այն, որ վերջիններս հետապնդումների են ենթարկվում և, Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքում 2014թ. փետրվարին կատարված փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությանը հսկայական լծակներ են ընձեռվել՝ միջամտելու դատական իշխանության գործառույթների իրականացմանը։
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել բյուրոյի կողմից ներկայացրած հայտարարությանը, որով դատապարտվում է Թուրքիայում դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները։