23 հունիսի 2015 - 09:44 AMT
Ջրցաններ, ծեծված ցուցարարներ ու լրագրողներ, ջարդված տեսախցիկներ. Բաղրամյանում նստացույցը ցրեցին

Հունիսի 22 լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» քաղնախաձեռնության նստացույցը հունիսի 23-ի վաղ առավոտյան ցրվել է ոստիկանական ուժերի կողմից:

PanARMENIAN.Net թցթակցի փոխանցմամբ, ցուցարարներն ու ոստիկանության ներկայացուցիչները գիշերվա մի քանի ժամվա ընթացքում երկար բանակցություններ են անցկացրել. ոստիկանները պահանջում էին ցուցարարներից հեռանալ պողոտայից: Ժամը 02։00-ի մոտ ցուցարարների միջև տարաձայնություններ առաջացան։ Մի մասը պնդում էր՝ պետք է վերադառնալ Ազատության հրապարակ, բայց մեծամասնությունը պահանջում էր մնալ Բաղրամյան պողոտայում: Բուռն քննարկումներից հետո որոշում կայացվեց շարունակել արդեն մի քանի ժամ առաջ մեկնարկած նստացույցը պողոտայի սկզբանամասում և որքան հնարավոր է երկար մնալ այնտեղ:

Առավոտյան ժամը 04։20-ի սահմաններում մասնակիցները սկսեցին հավաքել գիշերվա ընթացքում կուտակված աղբը, ցույցը համակարգողներն անընդհատ կոչ էին անում ցուցարարներին ոչ մի դեպքում շշեր կամ որևէ այլ իրեր չնետել ոստիկանների ուղղությամբ ու անմիջապես շարքերից հեռացնել նման գործողությունների դիմած սադրիչներին:

Առավոտյան ժամը 05։00-ին մոտ ցուցարարները սկսեցին շղթաներ կազմելով նստել պողոտայում՝ հույս ունենալով դիմակայել ոստիկանների հավանական գրոհին: Միաժամանակ, ոստիկանությունը սկսեց նախապատրաստվել գրոհելու, պողոտայի սկզբնամասում ու ցուցարաների թիկունքում հայտնվեցին քաղաքացիական հագուստով ու տարբերակիչ թևկապերով ոստիկաններ: Ցույցի մասնակիցները դիմավորեցին նրանց «Ոչ թալանին» և «Ոստիկանը մերն է» վանկարկումներով:

Պողոտայի երթևեկելի հատվածում նստած էր մոտ 30-ական ցուցարարներից կազմված 14 շղթա, այսինքն՝ մոտ 400-500 ցուցարար: Նրանց որոշ մասն էլ կանգնած էր մայթերին կամ համոզում էր քաղաքացիական հագուստով ոստիկաններին չգրոհել:

Մոտավորապես ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանությունը սկսեց գրոհը ջրցան մեքենայի շիթով։ Այնուհետև՝ ջրցանի աշխատանքի ներքո, գործի անցան ոստիկանները, որոնք սկսեցին «մաքրել» փողոցը ցուցարարներից: Երկրորդ և երրորդ մեքենաների կարիքը չկար՝ հաշված րոպեների ընթացքում պողոտայում ցուցարարներ ու լրագրողներ գրեթե չէին մնացել:

Ոստիկանները, սակայն, Բաղրամյանը ցուցարարներից ազատելով կանգ չառան՝ նրանց հետևից վազելով Մաշտոցի պողոտայով ու «քշելով» դեպի Ազատության հրապարակ: Ցուցարարների նոսր խմբակ փորձեց այստեղ էլ շղթա կազմել. նրանց նույնպես ցրեցին ու մի մասին բերման ենթարկեցին: Ոստիկանների առանձին խմբեր հետապնդեցին ցույցի վայրից փախչողներին առնվազն մինչև Հանրապետության հրապարակ:

Գործողության ընթացքում, բացի ցուցարարներից, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին ցույցը լուսաբանող լրագրողներն ու օպերատորները: Ոստիկանները թիրախավորված կոտրեցին կամ առգրավեցին մի քանի տեսա- և ֆոտոխցիկներ կամ դրանց կրիչ սարքեր: Ծեծի ենթարկվեց PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը, նրա տեսախցիկը ձեռքից առան ու կոտրեցին, նրան էլ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, այնուհետև մի քանի ժամ անց ազատ արձակեցին։ Ծեծի է ենթարկվել նաև PanARMENIAN.Net-ի լրագրող Նիկոլայ Թորոսյանը:

PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանին բերման են ենթարկում, © Photolure

Իրավապահները ծեծել են ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանին, «Ազատություն» ռադիոկայանի օպերատորների և լրագրողների, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների (ցանկը թերի է), տասնյակ լրագրողներ բերման ենթարկվեցին, այնուհետև ազատ արձակվեցին: Ըստ սոցցանցերում ահազանգերի, տարբեր բաժանմունքներում են տասնյակ ցուցարարներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին միայն, որ բերման ենթարկվածների ստույգ թվականակի մասին տվյալներ և այլն կհայտնեն ավելի ուշ: