23 հունիսի 2015 - 14:26 AMT
$52 մլն վարկ` «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» ծրագրին

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 23-ի արտահերթ նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից (ՎԶՄԲ) Հայաստանին $52 մլն-ի վարկային համաձայնագրի տրամադրմանը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP) ծրագրի շրջանակում։

Համաձայնագիրն այս տարվա ապրիլի 8–ին ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, գրում է ԱՌԿԱ-ն:

Վարկը տրվում է 25 տարի ժամկետով և 14.5 տարի արտոնյալ ժամկետով: Այն ուղղված կլինի «ՀԷՑ» ՓԲԸ-ի ենթակայանների վերազինմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $69,16 մլն, որոնցից 17,16 մլն դոլարը կտրամադրվի որպես Հայաստանի կառավարության համաֆինանսավորում։

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմի իրականացվող ծրագիրն ուղղված է «Աշնակ» և Երևանի ՋԷԿ ենթակայանների հիմնանորոգմանն ու վերակազմավորմանը` էլեկտրամատակարարման և կառավարման համակարգերի հուսալիության բարձրացման համար։

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: