2 հոկտեմբերի 2006 - 15:46 AMT
Հոկտեմբերի 13-14 Երեւանը տոնելու է իր 2788-ամյակը
2006 թվականին Երեւանը կտոնի իր հիմնադրման 2788-ամյակը: Ինչպես երկուշաբթի օրը լրագրողներին է հայտնել քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը, հոկտեմբերի 13-14 Երեւանում տեղի կունենա տոնակատարություն, նվիրված հայոց մայրաքաղաքի հիմնադրման 2788-ամյակին: «Տոնակատարության օրերին բարեկամական այցով Երեւան կժամանեն 10 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից»,-նշել է նա: Ըստ Կ.Մովսիսյանի, պատվիրակություննրը ներկայացված կլինեն քաղաքապետների մակարդակով, իսկ մի շարք դեպքերում նաեւ վարչապետների մակարդակով: Ինչպես նշել է Կ.Մովսիսյանը, այս տարի քաղաքի հիմնադրման 2788-ամյակին նվիրված տոնակատարություններն կանցնեն առանձնահատուկ շուքով եւ լի կլինեն անակնկալներով: Նա նաեւ նշեց, որ տոնակատարությունը կանցնի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անձնական վերահսկողության տակ:
Տոնակատարության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ փակումը կլինի հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կ.Մովսիսյանը դժվարացել է նշել քաղաքի տոնակատարության համար նախատեսված գումարի ծավալը, բացատրելով դա տոնակատարությունների ծրագրի դեռեւս անավարտ լինելով, հաղորդում է «Նովստի-Արմենիան»: