2 հոկտեմբերի 2006 - 16:29 AMT
Վրաստանը ռուս սպաներին կփոխանցի ԵԱՀԿ առաքելությանը
Երկուշաբթի օրը Վրաստանը ձերբակալված ռուս զինծառայողներին կփոխանցի այդ հանրապետությունում ԵԱՀԿ առաքելությանը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու մամլո քարտուղար Վանո Նոնիաշվիլին: Ձերբակալվածների փոխանցման արարողությունը տեղի կունենա այսօր Վրաստանի Գլխավոր դատախազությունում: «ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտի հետ Վրաստանի նախագահի հանդիպումից հետո Վրաստանի Գլխավոր դատախազությունում տեղի կունենա ԵԱՀԿ ղեկավարին ձերբակալված չորս ռուս սպաների փոխանցման արարողությունը»,-հաղորդել են Վրաստանի նախագահի աշխատակազմում: Ավելի վաղ ռուս զինծառայողների արտաքսման հնարավորության մասին ասել է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին: «Անկախ նրանից ունի արտերկրյա քաղաքացին դիվանագիտական կարգավիճակ, թե ոչ, հիմնականում նրանք (ձերբակալված օտարերկրացիները) կարող են արտաքսվել երկրից»,-նշել է նախարարը: Ընդ որում Օքրուաշվիլին հղում է արել գոյություն ունեցող դիվանագիտական պրակտիկայի վրա եւ հաղորդել, որ խնդրի նման լուծում հնարավոր է:

Ինչպես հայտնի է, չորս ռուս զինծառայողներ եւ Վրաստանի մի քանի քաղաքացիներ սեպտեմբերի 27-ին ձերբակալվել էին Թբիլիսիում լրտեսության մեղադրանքով: Ռուսաստանը իր զինծառայողների ձերբակալությունները Վրաստանում սադրանք է համարել, ետ է կանչել իր դեսպանին եւ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` խնդրելով փակ խորհրդակցություններ անցկացնել վրաց-աբխազական հակամարտության հարցի շուրջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: