29 հունիսի 2015 - 15:33 AMT
«Շարժվել միասին». Հայ և թուրք երիտասարդները Ցեղասպանությունից 100 տարի անց կանցնեն աքսորի ճանապարհով

Հայոց ցեղասպանության սկիզբը համարվող 1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված և սպանդի ուղարկված հայ մտավորականների անցած ճանապարհը 100 տարի անց կրկնելու են հայ և թուրք երիտասարդները, բայց արդեն՝ այդ ճանապարհին մնացած հայկական հիշողությունները հավաքագրելու նպատակով:

Թուրքական Demokrathaber.com լրատվական կայքին հղումով Ermenihaber-ը գրում է, որ Acting Together խորագրով նախագծի շրջանակում նախատեսվող ճամփորդությունը կսկսվի օգոստոսի 31-ին՝ Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարանից, որտեղից հայ մտավորականները 100 տարի առաջ ուղարկվել էին «մահվան երթի», և կավարտվի սեպտեմբերի վերջին՝ Երևանում:

Ուղևորության հետագծի մեջ ներառված են նույն «աքսորի» կայարանները՝ Այաշ (Անկարա), Դերսիմ, Վարթո (Մուշ), Աղրը, այնուհետև՝ Վրաստանի սահմանով անցում կկատարվի Հայաստան: Այստեղ նախագծի մասնակիցները կայցելեն Գյումրի, Թալին, Էջմիածին քաղաքները:

Ըստ նախագծի կոոդինատոր Այշե Օքթեմի՝ ուղևորությանը կմասնակցեն Հայաստանից, Թուրքիայից և Գերմանիայից եկած հատուկ խմբեր, համալսարանների ուսանողներ և գրողներ՝ Հայաստանից և Թուրքիայից:

Հայաստանում նախագծի մասնակիցները կհանդիպեն ցեղասպանությունից փրկվածների սերունդների, ինչպես նաև այսօրվա փախսականների՝ Հայաստանում ապաստանած սիրիացիների հետ: Ուղևորության ընթացքում բոլոր բնակավայրերում կկազմակերպվեն գիտաժողովներ ու քննարկումներ պատերազմների, դրանց հետևանքների, մարդկանց կյանքի փրկության, գաղթերի և նմանատիպ թեմաների շուրջ: Կիրականացվեն նկարահանումներ ու ձայնագրություններ, բանահյուսության ու բանավոր պատմության և հայերին վերաբերող ամեն տեսակ հուշերի հավաքագրում: Այս ամենը ուղևորության ընթացքում կցուցադրվի հետզհետե հարստացող շարժական ցուցահանդեսի շրջանակում, իսկ ուղևորության ավարտից հետո վերջնական տեսքով այցելուներին կներկայացվի սկզբում Երևանում, այնուհետև նաև Ստամբուլում և այլ քաղաքներում: Ուղևորության ավարտին մասնակից գրողների օգնությամբ ձեռք բերված նյութերը կհրատարակվեն նաև գրքի տեսքով:

Նախագիծը իրականացվում է գերմանական DVV İnternational-ի, ստամբուլյան «Պատմական հիմնադրամի» և էթնոլոգիական հետազոտությունների «Հազարաշեն» հայկական կենտրոնի համատեղ ջանքերով, ինչպես նաև՝ Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ: