«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը՝ դատական տեղեկատվական համակարգին հղումով:
ՀԷՑ-ը Երևանի Շենգավիթ վարչական դատարան է դիմել այս տարվա ապրիլի 7-ին, գործը քննում է դատավոր Արմեն Չիչոյանը: «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին պարտք է 1,2 մլրդ դրամ:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը ։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:
ՀԲ-ին դիմել էր ՀՀ կառավարությունը՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Ուսումնասիրությունն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, դրանք ամփոփել է Համաշխարհային բանկը:
Ըստ հաշվետվության, գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ ՀՀ դրամը ($250 մլն), որի մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը: Այդ ժամանակահատվածում ընկերությունը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի կատարման համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Երևանի ՋԷԿ-ին ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ ՀՀ դրամ ($48 մլն): Ըստ փորձագետների, եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա` տարեկան մոտ 2-3 մլրդ ՀՀ դրամի չափով ($4-6 մլն) աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար: Հաշվետվությունում նաև նշվում է, որ «Նաիրիտ»-ի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի (ՊՔԿ) կանխատեսվող շուկայական գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ:
Ընկերության հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաև որոշում կայացնելու համար:
Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը՝ խորհրդակցություն անցկացնելով Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հայտարարել է, որ մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Խոսելով հոսանքի սակագնի բարձրացման մասին՝ նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝սակագնի բարձրացումն արդարացված է:
ՀԷՑ-ին են պատկանում 36 հազար կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:
«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի հաստատել ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունը, թե մտադիր է վաճառել իր ակտիվները Հայաստանում:
Ավելի վաղ «Կոմերսանտը» ծավալուն հադված էր հրապարկել, որտեղ ասվում է, որ բողոքի ցույցերը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով և ՀՀ իշխանությունների խոստումը` ազգայնացնել «Հայատանի էլետրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը կարող են ստիպել ընկերության սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել այն: Ռուսական հոլդինգն արդեն բանակցել է հայազգի ռուսաստանցի գործարարների հետ, այդ թվում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Ըստ ԶԼՄ-ների՝ ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ: Սակայն նոր սեփականատեր գտնելը հեշտ չի լինի. սակագների անհավասարակշռությունը հանգեցրեց նրան, որ ՀԷՑ-ը մեծ պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որպեզզի իշխանությունները չհատուցեն բյուջեից ընկերության վնասները:
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար։