30 հունիսի 2015 - 16:16 AMT
Զախարյան․ Քննարկվում է հոսանքի գնի բարձրացված մասին սուբսիդավորման աղբյուր գտնելու հարցը

Էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացված մասը՝ 6,93 դրամը, կսուբսիդավորի պետությունը, սակայն դա կիրականացվի ոչ պետական բյուջեի հաշվին, ու այժմ քննարկվում է, թե ինչ աղբյուրներից պետք է հայթայթվեն այդ միջոցները։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցումտեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Սուբսիդավորումը կիրականացվի աուդիտի անցկացման ամբողջ ընթացքում, բոլոր խավերի համար՝ անկախ նրանից, թե որքան այն կտևի՝ 3 ամիս, 4, թե 6՝ կախված է աշխատանքի ծավալներից։ Աուդիտի անցկացման մանրամասները և այն, թե ով է անցկացնելու, հայտնի կլինեն մոտ օրերին։ Այն կտա բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ սակագնի ձևավորման հիմնավորվածության հետ կապված»,- շեշտեց Զախարյանը։

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Դիտարկմանը, թե մասնագետները պնդում են, որ աուդիտը չի հայտնաբերի չարաշահումները, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ ի պատասխան միայն ժպտացել է՝ նշելով, որ հուլիս ամսվա մեջ հայտնի կլինի, թե որ կազմակերպությունը կանցկացնի աուդիտը:

Նախարարը նշեց, որ էներգետիկ համակարգում իրոք կան բազում խնդիրներ, որոնց բազմիցս անդրադարձել են։ Դրանով է պայմանավորված, որ մի շարք հարցերի լուծման շուրջ արդեն ծրագրեր են նախապատրաստվում։

«Այսօր արդեն պատրաստ են համակարգի զարգացման հիմնադրույթները, մինչև 2036 թվականի ռազմավարության ծրագիրը։ Այն երկու անգամ քննարկվել է ՀՀ վարչապետի մասնակցությամբ, Հանրային խորհրդում և նախատեսում ենք քննարկել Ազգային ժողովում, ինչից հետո ՀՀ կառավարությունը կհաստատի այն։ Փաստաթուղը կդառնա մեզ համար աշխատանքային ծրագիր։ Նպատակը մեկն է՝ ապահովել կայուն ու կանխատեսելի էներգետիկ համակարգ ազգաբնակչության համար»,- ավելացրեց Զախարյանը։

Հունիսի 30-ին «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովի ընթացքում իր ելույթում Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ կառավարությունը պատրաստել է 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդրվի լայն մասնագիտական և հանրային քննարկման:

«Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել», - ասել էր վարչապետը:

Ըստ Աբրահամյանի՝ ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը, և նա չգիտի հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով:«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են սկսել Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: