7 հուլիսի 2015 - 14:59 AMT
Թայ Աբյադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի

Սիրիական Թայ Աբյադ քաղաքն այժմ ազատ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողությունից, սակայն երբեմնի 6000 փոքրամասնություն կազմող քրիստոնյաների թիվը քաղաքում նկատելիորեն նվազել է։ Տեղի հայկական եկեղեցին վերածվել է բանտի։

Քաղաք նախ ներխուժել են ապստամբները և թալանել այն, այնուհետև՝ ջիհադիստները։ 2012-ին քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի, այստեղ բանտարկության մեջ պահվում՝ այնուհետև գլխատվում էին քրիստոնյաներ։

Բարեբախտաբար եկեղեցին այժմ թեպետ դատարկ, բայց կանգուն է։ Թե ինչ կլինի դրա հետ վաղը՝ հայտնի չէ։ Այս մասին գրում է A1plus.am-ը՝ «Ամերիկայի Ձայնի» քրդական բաժնի թղթակցին հղումով:

«Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: