
ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ վերահաստատել է Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիրը:
ԱՄՆ Հայ դատի հանձնաժողովի նախագահ Քեն Հաչիկյանն շնորհակալություն է հայտնել սենատոր Քըրքին` ընդգծելով, որ պաշտոնյան մեծ աշխատանք է տարել կենսական նշանակություն ունեցող օգնության ծրագրի շարունակման համար, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:
ԼՂՀ-ին ԱՄՆ-ի տրամադրված մարդասիրական օգնությունը 2014-ին կազմել է $2 մլն։
Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև կարևորել հակամարտության հետևանքով բոլոր տուժածներին շարունակական բնույթ կրող օգնության տրամադրման անհրաժեշտությունը:
ԱՄՆ օրենսդիրները կարևորել են Արցախի տարածքով մեկ` հատկապես ներքին` ոչ սահմանային, ու գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:
Բացի այդ, արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է $20,06 մլն-ի տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև $1,7 մլն` որպես ռազմական օգնություն և ևս $600,000` ռազմական մարզումներ անցկացնելու համար:
Հայտնի է, որ հարևան Ադրբեջանի ու Վրաստանի համար օրենսդիրներն առաջարկել են որպես տնտեսական օգնություն տրամադրել $8,778 մլն և համապատասխանաբար $54 մլն:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին` հանձնաժողովն առաջարկել է $195 մլն-ի օգնություն հատկացնել ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին, ինչպես նաև Հորդանանում, Թուրքիայում և Լիբանանում ապաստանած միլիոնավոր փախստականներին օգնելու համար:
2014-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունել էր 2015 ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և այլ հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը, որն իր մեջ ներառում է Միացյալ Նահանգների տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնությունը Հարավային Կովկասին: 1998-2010 թթ. ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Կոնգրեսն Արցախին $61 մլն-ի ֆինանսական օգնություն է հատկացրել, որպես մարդասիրական օգնություն:
ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը (ՄԶԳ) վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղին տարեկան $2 մլն-ի ֆինանսական օգնություն է տրամադրում: