Հուլիսի 13-ի վաղ առավոտյան Փարիզի արվարձանում գտնվող առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձինք պատանդ էին վերցրել 18 աշխատակցի: Ինչպես հայտնել է BFMTV հեռուստաալիքը, հատուկ նշանակության ուժերին հաջողվել է դուրս բերել Primark խանութից բոլոր պատանդներին: Ազատվածների թվում վիրավորներ չկան, սակայն մեկին անհապաղ բուժօգնություն է պահանջվել:
Այժմ ոստիկանության աշխատակիցներն առևտրի կենտրոնում են` պարզելու 3 չարագործի գտնվելու վայրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հարձակումը Primark խանութի վրա իրականացվել է տեղի ժամանակով 06:30-ին: Այժմ խանութի հեռախոսն արգելափակված է:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները իրավապահներին հղումով հայտնել էին, որ «առավոտյան 07:00-ին շրջանակում խանութի աշխատակիցներից մեկը կարճ հաղորդագրություն էր ուղարկել իր ընկերոջը` հայտնելով, որ 2 զինյալ պատանդ են վերցրել խանութի աշխատակիցներին»:
Դեռևս տեղեկատվություն չկա, թե ինչ պահանջներ էին ներկայացրել հարձակվողները: