16 հուլիսի 2015 - 12:47 AMT
Իսպանիայում Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համար դերասանների են ընտրում

Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում քասթինգ է հայտարարվել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի դերասանների ընտրության համար: Այն անցկացվելու է հուլիսի 17-21-ը:

Թերի Ջորջի ֆիլմի գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը: Քասթինգին կընտրվի 1000 մարդ երկրորդական դերերը կատարելու համար: Նշվում է, որ նախընտրությունը տրվելու է սևահեր և թուխ մաշկ ունեցողներին, Excite.es պարբերականին հղումով գրում է Tert.am-ը:

Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում:

«Խոստումը» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան նաև Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն Սանտ Ֆեռան ամրոցում, որը 18-րդ դարի ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա:

Քըրք Քըրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին, նույն օրը նա մահացել է 98 տարեկանում:

Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: