Վերարտադրողական առողջության, մասնավորապես՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքը հնարավոր կլինի տեսնել 1-2 տարի անց: Այդ մասին նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում ասել է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Ընդ որում, որոշակի դրական տեղաշարժ արդեն իսկ կա. եթե 2012-ին աղջիկ-տղա հարաբերակցությունը 100-115 էր, ապա այժմ այդ թիվը դարձել է 100-112։ Նման ծրագրերը, հանրային ակցիաները կարող են փոխել մարդկանց վերաբերմունքը», - ասել է Ավագյանը:
Նիստի ընթացքումքննարկվել են «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում ներկայացված հայտերը, տեղեկացնում էՀայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա հղիության արհեստական ընդհատման գործընթացի կազմակերպման վրա՝ դրա անվտանգության բարձրացման, կանոնակարգման, խախտումների կանխարգելման և վերահսկելիության տեսանկյունից: Նախագծերով նախատեսվում է կանոնակարգել սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն արգելելու վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկել օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման համար:
Հանձնաժողովի անդամն ընդգծել է, որ սեռով պայմանավորված աբորտները 3 հիմնական պատճառով են առաջացել. նախ, երբ մարդիկ փոքր թվով երեխաներ են ունենում, այդ դեպքում ուզում են՝ երեխաները լինեն տարբեր սեռերի կամ անպայման՝ տղա։ Երկրորդ պատճառը՝ հայկական ընտանիքներում ի վերուստ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն է, և երրորդ պատճառը տեխնոլոգիաներն են (էխոսկոպիա և այլն):
Ավագյանը նշել է, որ այս խնդիրը լուծելու համար օրենսդրական նախաձեռնություն են առաջարկել. առողջապահության նախարարությունը պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ազգային ծրագիր և ռամավարություն է իրականացնելու ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
Պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնականում դիմում են Չինաստանում, Հնդկաստանում, Վիետնամում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, և բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է տղա երեխային։
Առաջիկա օրերին կհայտարարվեն ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային հերթական մրցույթի հաղթող ՀԿ-ների անունները։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-ին հանձնարարել է սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համալիր ծրագիր մշակել։ Նա մատնանշել է, որ Հայաստանն այսօր վերարտադրության մի շարք ցուցանիշներով աշխարհում վերջին տեղն է զբաղեցնում։ Այդ կապակցությամբ նա հանձնարարեց առողջապահության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտը ներկայացնել իրավիճակի շտկման համալիր ծրագիր։
ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի` 2011-ին կատարած հետազոտության համաձայն` Հայաստանում մոտ 7200 կին հղիության սելեկտիվ ընդհատում է իրականացրել 2006-2011 թթ.-ին: ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի հետազոտության տվյալներով, հղիության սելեկտիվ ընդհատումների պատճառով Հայաստանում մինչև 2060-ը կարող է չծնվել մոտ 93.000 աղջիկ։
2012-ին կատարված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում կատարվում է տարեկան 1500 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում:
ԵԽԽՎ-ն 2011-ին բանաձև է ընդունել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում պերինատալ շրջանում սեռի ընտրության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ սեռի պերինատալ ընտրությունը «մտահոգիչ չափերի» է հասել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում:
Հայասնաում գործող օրենքով բժիշկը կարող է երեխայի սեռը հայտնել միայն հղիության 12 շաբաթից հետո: