23 հուլիսի 2015 - 12:26 AMT
ՀԴԲ. ԻՊ-ն շատ ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ համար, քան «Ալ Քայիդան»

Ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը շատ ավելի մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների անվտանգության համար, քան «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմին` ելույթ ունենալով Ասպենում անվտանգության հարցերին առնչվող համաժողովում:

Ըստ Կոմիի, վերջերս ԻՊ-ն զգալի հաջողությունների է հասել սոցցանցերում իսլամ դավանող ամերիկացիների ծայրահեղականացման հարցում, որոնք դժգոհ են իրենց կառավարությունից: Ինչպես նշել է ՀԴԲ տնօրենը, որի խոսքը մեջբերում է Associated Press-ը, ԻՊ-ն համոզում է այդպիսի մարդկանց, որոնք նաև հնարավորություն չունեն մեկենլու Մերձավոր Արևելք և համալրելու ահաբեկչական կառույցի շարքերը, «սպանել հենց այնտեղ, որտեղ գտնվում են»: Նա կարծիք է հայտնել, որ այս մոտեցումը «շատ ավելի վտանգավոր է ԱՄՆ համար, քան դրսից բխող «Ալ Քայիդայի» գրոհները», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես պարզաբանել է Կոմին, վերջին 2 ամսում «ՀԲԴ-ն ԻՊ կողմից ծայրահեղականացման ենթարկված բազմաթիվ անձանց է ձերբակալել», ընդ որում հարյուրավոր հետաքննություներն այդպիսի վտանգավոր տարրերի բացահայտման ուղղությամբ շարունակվում են: Նա նշել է նաև, որ «ԱՄՆ-ն տեղեկատվություն ունի 18-62 տարեկան տասնյակ ամերիկացիների մասին, որոնք մեկնել են Սիրիա կամ Իրաք ԻՊ շարքերում կռվելու նպատակով»:

ՀԴԲ տնօրենը նշել է նաև, որ «Ալ Քայիդան երբեք չէր անդամագրի այն մարդկանց, որոնց իր կողմն է քաշում «Իսլամական պետությունը», քանի որ «հաճախ նրանք կախում ունեն թմրանյութերից, հոգեպես անկայուն են»: «Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: