Թուրքիայի կառավարությունը հաստատել է, որ թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դիրքերին Հյուսիսային Իրաքում:
«Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում: Այդ միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով, իրազեկվել են միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Թուրքիայի ՌՕՈւ-ն գրոհել է ՔԱԿ թիրախները Զապ, Մեթինա, Գարա, Ավաշին, Սինաթ, Հաֆթանին, Հաքուր, Քանդիլ գավառներում: Բացի այդ, ըստ փաստաթղթի, «ՔԱԿ դիրքերին հարվածներ են հասցվել ցամաքային զորքերի միջոցներով»:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի F-16 ՌՕՈւ կործանիչները գրոհել են ԻՊ դիրքերը Սիրիայում և ՔԱԿ դիրքերը Իրաքի հյուսիսում:
Մինչդեռ «Իսլամական պետության» գրոհայինները սպառնացել են նոր ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնել են սոցցանցերում ահաբեկիչների ակտիվության գծով SITE փորձագետները, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Ինչպես նշվում է, այս հայտարարությունն արվել է Սիրիայում թուրքական կործանիչների կողմից ԻՊ դիրքերը ռմբակոծելու մասին հաղորդագրություններից հետո:
Օդային գործողությունից մի քանի ժամ առաջ հայտարարվեց, որ Թուրքիան կտրամադրի «Ինջիրլիկ» ավիաբազան ամերիկյան ՌՕՈւ-ին ԻՊ գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելու համար:
Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի: «Գործողությունը, որը սկսվել է Իսլամական պետության և այլ ահաբեկչական կազմավորումների անդամների դեմ, կշարունակվի: Արդեն ձերբակալվել է 297 մարդ, որից 37-ը` օտարերկրացիներ են: Սա միանգամյա ակցիա չէ, սա գործընթաց է, որը չի սահմանափակվում ինչ-որ մի գավառով»,-ասել է Դավութօղլուն:
Թուրքիան կպաշտպանի իր սահմաններն այնպես, ինչպես հարկ կհամարի, ոչ ոքի հետ չհամաձայնեցնելով հնարավոր ռազմական գործողությունները Սիրիայում, ասել է վարչապետը: «Անկարան ինքն է որոշումներ կայացնում իր սահմանների պաշտպանության, պետության անվտանգության ապահովման վերաբերյալ: Մենք չենք համաձայնեցնում այսպիսի ռազմական գործողությունները և ոչ ոքի առջև հաշվետու չենք, միայն ինքներս մեր: Ոչ ոք չի կարող խլել այդ օրինական իրավունքը հանրապետության օրինական կառավարությունից»,-ասել է Դավութօղլուն` մեկնաբանելով ավիահարվածները ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում:
Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:
Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: