27 հուլիսի 2015 - 10:25 AMT
Ավելի քան 5000 կրակոց՝ 2 օրում. Հակառակորդը չի դադարում կրակել

Հանգստյան օրերին՝ հուլիսի 25-26-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12.000 կրակոց:

ՊԲ առաջպահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն 1 զոհ և 8 վիրավոր: Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Ընդ որում, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հրադադարը խախտվել է մոտ 130 անգամ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, հուլիսի 24-ին հայտարարել է, որ պատերազմի դեպքում հայկական զինուժը պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել այլ տարածք: