ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 98 արկ, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 29, 23 և 6 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանգստյան օրերին՝ հուլիսի 25-26-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12.000 կրակոց:ՊԲ առաջպահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն 1 զոհ և 8 վիրավոր:
Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Ընդ որում, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, հուլիսի 24-ին հայտարարեց, որ պատերազմի դեպքում հայկական զինուժը պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել այլ տարածք: