30 հուլիսի 2015 - 19:35 AMT
Ստերլիգով. Ադրբեջանը դե յուրե ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը ռուսական Vk.com սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ իր հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելով՝ Ադրբեջանը դե յուրե ճանաչել է Արցախի անկախությունը:

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ինչպես ասվում է այդ երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի ղեկավար Ստերլիգովն ու մյուս անձիքն «ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը և ժամանել գրավյալ տարածքներ` պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր հնչեցնելով

Ըստ գործարարի՝ Ադրբեջանի օրենսդրությամբ հանցագործություն կատարած անձի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել կարող է միայն այն դեպքում, եթե տվյալ անձն իրենց երկրից դուրս է: Այսպիսով, Ադրբեջանը հրապարակային միջազգային մակարդակով ճանաչել է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածք չէ:

Ստերլիգովը նաև ողջունել է Ադրբեջանի ղեկավարությանը և գոհունակություն հայտնել, որ իր «համեստ անձն իրավաբանական առիթ է դարձել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև դրական հարաբերություններ ստեղծելու համար»:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ: