11 հոկտեմբերի 2006 - 15:54 AMT
Ռուսաստանից վտարվել է Վրաստանի շուրջ 400 քաղաքացի
Վերջին մի քանի օրվա ընթացքում մոսկովյան դատարանները 380 որոշում են կայացրել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար Ռուսաստանի սահմաններից Վրաստանի քաղաքացիներին վտարելու մասին: Հոկտեմբերի 5 եւ 6-ին մայրաքաղաքի դատարանները 327 գործ են ուսումնասիրել Վրաստանի քաղաքացիների կողմից միգրացիոն օրենսդրությունը խախտելու մասին եւ որոշում են կայացրել 305 մարդու վարչական վտարման վերաբերյալ: Դեպորտացիայի մասին եւս 70 որոշում է կայացվել հաջորդ օրերին: Հիշեցնենք, որ ապօրինի ներգաղթյալների շարունակվող վտարման, հանցավոր հեղինակությունների ձերբակալությունների եւ խաղատների փակման կապակցությամբ վրացական կողմը մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին այլատյացության եւ ազգայնականության համար: Միեւնույն ժամանակ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 9-ին կոչ է արել բոլոր հայրենակիցներին, անկախ քաղաքացիությունից, վերադառնալ Ռուսաստանից հայրենիք, հաղորդում է Լենտա-ռու-ն: