
Թուրքիայի տարածքում գտնվող Վանի 250-ամյա հայկական վանական համալիրը՝ Սուրբ Կույսերիմենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը:
Ընդհանուր պարիսպով շրջապատված համալիրը ներառում է եկեղեցու շենքը և որպես օժանդակ կառույցներ ծառայող ևս 12 սենյակ: Եկեղեցու գմբեթը հունական ոճով է կառուցված՝ ուղղանկյունաձև, ներսից՝ հողաշեն: Նման գմբեթները Վանում հազվադեպ են հանդիպում: Դրանց կառուցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ եկեղեցին մոտ 200-250 տարի առաջ է կառուցվել: Հայտնի է, որ 19-րդ դարում համալիրում ապրել է մոտ 300 հոգևորական:
Այսօր եկեղեցու գմբեթը փլուզված է, պատերը՝ ճաքճքած, կառույցն ու համալիրի ամբողջ տարածքը տուժել են գանձեր որոնողների գործունեության հետևանքով, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Գանձ որոնողների գործողությունների հետևանքով ոչնչացման եզրին է նաև Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն շրջանի Մարութա սարի ստորոտին գտնվող պատմական հայկական Սբ Առաքելոց վանական համալիրը: Եկեղեցու կառույցների մեծ մասն ավերված ու փլուզված է:
Երկհարկանի կառույցի առաջին հարկը փլուզումների հետևանքով հողով է լցված: Հարակից տարածքն ու մոտակայքում գտնվող գերեզմանոցը գանձ որոնողներն ավերում են, վնասում հորատման աշխատանքների պատճառով:
Սբ Առաքելոց վանական համալիրը հայտնի է նաև որպես Քոմքի եկեղեցի: Կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 1300-ականներին և արդեն մոտ 800 տարվա պատմություն ունի: Միջնադարում համալիրը եղել է Սասունի հոգևոր կենտրոնը՝ եպիսկոպոսարանը:
Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ:
Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն:
Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները:
1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։