ԱՄՆ-ն նախկինի պես պահպանում է գործընկերային հարաբերությունները Թուրքիայի հետ և մտադիր է աջակցել նրան անվտանգության ոլորտում: Այդ մասին օգոստոսի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի անվտանգությանը, ապա այս հարցում ոչինչ չի փոխվել: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է ու հուսալի գործընկերը, մասնավորապես, ԻՊ դեմ պայքարում»,-ասել է Քիրբին: Նա հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Անկարան թույլ տվեց իր երեք ռազմակայաններում տեղակայել Սիրիայում իսլամիստների դեմ գործողություններին մասնակցող ավիացիան: Ավելին, Պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում բավարար ուժեր են մնում «հակահրթիռային պաշտպանության համար», ներառյալ ռազմանավերը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Օգոստոսի 16-ին ԱՄՆ-ն ու Թուրքիան հայտարարեցին, որ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը դուրս կբերվեն Թուրքիայի տարածքից հոկտեմբերից հետո: Մեկնաբանելով այն լուրերը, թե թուրքական կառավարությունը չափազանց դժգոհ է այս որոշումից` Քիրբին ասել է. «Ես չեմ եղել բանակցային սենյակում: Ինձ ասացին, որ խոսակցությունը շատ անկեղծ ու անմիջական է եղել և ի վերջո թուրքերը հասկացել են, թե ինչու ենք մենք դա դանում»: Ըստ նրա, այն ենթադրությունները, թե բանավեճերը «թեժ են եղել» կամ կոշտ, չեն համապատասխանում իրականությանը:
2012-ի ավարտին Անկարան խնդրեց ՆԱՏՕ-ին տրամադրել համակարգը` պաշտպանվելու համար սիրիական տարածքից Scud հրթիռների հնարավոր հարվածներից: 2013-ի սկզբին Թուրքիայի հարավարևելյան 3 շրջաններում Սիրիայից սահմանից 70-100 կմ հեռավորության վրա տեղակայվեցին Patriot երկու համակարգեր Գերմանիայի, ԱՄՆ և Նիդերլանդների կողմից:
Օգոստոսի 15-ին ԳԴՀ կառավարությունը հայտարարեց, որ ավարտվում է բունդեսվերի (ԳԴՀ զինված ուժեր) առաքելությունը Թուրքիայի հարավում, և Patriot համակարգերը դուրս կբերվեն այնտեղից: Գերմանացի զինծառայողների մանդատն առաքելությունը լրանում է 2016-ի հունվարին:
Patriot համակարգերը կարող են խոցել ինչպես բալիստիկ հրթիռներ, այնպես էլ ինքնաթիռներ: