Առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը:
Վարչապետը խոսել նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, միջազգային խորհրդատվական ծառայության անցկացվելիք ուսումնասիրություններից հետո Կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Աբրահամյանն ընդգծել է, որ ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը, կառավարությունը կսուբսիդավորի էլէկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ):
Օգոստոսի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:
ՀԾԿՀ-ն ակնկալում էր, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:
Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում: