14 հոկտեմբերի 2006 - 14:19 AMT
ԼՂՀ հրդեհները ունեն բնակլիմայական, եւ ոչ թե հրկիզման պատճառներ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Վլադիմիր Պրյախինին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնտեսական եւ շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Ժանետ Կլոտցերը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման սկզբում Վլադիմիր Պրյախինը նախարարին ներկայացրեց ԵԱՀԿ միջնորդությամբ ներգրավված միջազգային կազմակերպությունների կողմից վերջերս արված փորձաքննությունների արդյունքները, համաձայն որոնց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ շրջաններում վերջին ամիսներին բռնկված հրդեհները ունեն բնակլիմայական պատճառներ եւ ադրբեջանական կողմից միտումնավոր հրկիզումների մեղադրանքները անհիմն են: Ըստ շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպությունների եզրակացությունների այդ գոտիներում հակահրդեհային ամուր համակարգի ստեղծումը կենսական անհրաժեշտություն է: Դեսպան Պրյախինը ներկայացրեց նաեւ ՀՀ-ում հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացման երրորդ փուլում տարվող աշխատանքների ընթացքը: Ծրագրի իրականացման արդյունքում մելանժը վերամշակվում է ընդունելի եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որն օգտագործվում է թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողերը պարարտացնելու համար: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Վլադիմիր Պրյախինին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնտեսական եւ շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Ժանետ Կլոտցերին «մելանժ» տեսակի հրթիռային վառելանյութի բաղադրիչի չեզոքացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար, ինչպես նաեւ ՀՀ Անկախաության 15-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրեց «Մարշալ Բաղրամյան» մեդալով: