Թուրքիայի Մալքարա քաղաքում հայկական շիրմաքարերն օգտագործվել են որպես կոյուղու դիտահորերի կափարիչներ:
Մալքարա քաղաքը գտնվում է Ստամբուլից 190 կմ հեռավորության վրա։
Թուրքական TESKİ ջրամատակարարող ընկերության աշխատակիցները շիրմաքարերը պատահաբար հայտնաբերել են քաղաքի թաղամասերից մեկում՝ շինարարական աշխատանքների ժամանակ: Բանվորները հայտնաբերել են 7 գերեզմանաքար և անմիջապես տեղեկացրել քաղաքապետարանին, «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Tert.am-ը:
Քաղաքապետարանը գերեզմանաքարերը ուսումնասիրման և պահպանման նպատակով փոխանցել է Թեքիրդաղի հնագիտության թանգարանին։
Օգոստոսի 17-ին Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառում ջրի խողովակների վերանորոգման համար փորված փոսում 1.5 մ խորության վրա հայտնաբերվել են 8 հայկական շիրմաքար: Տեղի բնակիչներից մեկը՝ Լևանթ Բալջըն հայտնել է, թե վայրը, որտեղ գտել են շիրմաքարերը, նախկինումհայկական գերեզմանոց է եղել:
2015-ի ապրիլի տեղեկություններով, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայերից մնացած հին գերեզմանատունն ավերում են գանձ որոնողները: Գերեզմանները նրանց կողմից պղծվել են:
2008-ին վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Էդիրնեգաբուի հայկական գերեզմանատանը՝ անհայտ անձինք ջարդել են մի դամբանաքար և տապալել 8 գերեզմանաքար: Նույնանման դեպք Էդիրնեգաբուի գերեզմանատանը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք ջարդել էին 12 դամբանաքար:
2012-ին հայտնի դարձավ Էրուհ շրջանում ավտոճանապարհի շինարարության ժամանակ հայկական գերեզմանատունը քանդելու և մարդկային ոսկորները հողի վրա թողնելու դեպքի մասին։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից պատճառաբանել են. «Գերեզմանատունն անշարժ մշակութային կոթող չէ և մեզ չի հետաքրքրում»: 2013-ին թուրքական «Ռադիքալ»-ը գրեց, որ Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալգարա շրջանի հայկական գերեզմանատունն պղծվել է և ամբողջովին ոչնչացվել։ Մալգարայի ինքնակառավարման մարմինները հայկական գերեզմանատան տարածքը հատկացրել են շինարարության համար։ Մասնավորապես, հայկական գերեզմանատան տարածքում կառուցվելու է հացատուն և հյուրատուն։
2014-ի հուլիսին «Ակոս»-ը գրեց, որ Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար:
Տեղեկություններ են տարածվել նաև թուրքական Թունջելի շրջանի Մազկերտ թաղամասի հայկական գերեզմանատանը փոսեր փորելու մասին:
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցի սեփականության իրավունքը 2015-ի փետրվարին վերադարձրել է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին: