16 հոկտեմբերի 2006 - 14:35 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի խաղաղ գոյակցությունը հնարավոր է, եթե Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը գտնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի խաղաղ գոյակցությունը հնարավոր է: Այդ մասին Օսկանյանը հայտարարել է Հայաստանի Հանրային Հեռուսաընկերությանը տված հարցազրույցում: «Թուրքիան մեծ երկիր է եւ մեր հարեւանն է, եւ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մենք պետք է ապրենք մի ժողովրդի կողքին, ում նախնիները իրականացրել են Ցեղասպանություն: Սակայն մենք կարող ենք հաշտվել դրա հետ միայն այն դեպքում, երբ Թուրքիայի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվեն եւ ճանաչվի Հայոց ցեղասպանության փաստը»,- ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է դիտարկել ոչ թե պատմական, այլ քաղաքական հարթության վրա: «Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկությունը` այս հարցի քննարկման համար զուտ պատմական հանձնախումբ ստեղծելու կապակցությամբ, մերօրյա քաղաքական պայմաններում եւ Թուրքիայի ներքին օրենսդրությունը հաշվի առնելով, անանկեղծ եւ անլուրջ է»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, այս առաջարկը զուտ փիառական նպատակներ ունի, որպեսզի ցույց տան Եվրոպային, որ թուրքերը պատրաստ են քննարկելու այս հարցը: «Եթե նույնիսկ այսօր ստեղծվի պատմաբանների հանձնախումբ, ապա ոչինչ չի փոխվի: Այնտեղ կընդգրկվեն թուրքեր, որոնք կհերքեն Ցեղասպանությունը, եւ հայեր, ովքեր կձգտեն դրա ճանաչմանը»,- ընդգծել է Օսկանյանը: «Այս հարցը անհնարին է դիտարկել թուրքերի հետ` զուտ պատմական տեսանկյունից, քանի որ թուրերն իրենք են քաղաքականացրել այս հարցը, այնպես որ, այն պահանջում է քաղաքական որոշում»,- գտնում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահի պատասխան առաջարկը` այս հարցի քննարկման համար միջպետական հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ, ավելի տրամաբանական է, եւ համապատասխանում է քաղաքական իրականությանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: