Հայաստանը Fox news հեռուստաընկերության կայքում զետեղված վարկանիշում 7-րդն է այն երկրների ցանկում, որոնք նախկինում ռազմական գործողությունների գոտի են եղել, իսկ այժմ «դրախտավայր են համարվում հանգստի համար»:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ 1512-1735 թթ. Հայաստանը մի քանի անգամ փոխել է մայրաքաղաքը: «Այնուամենայնիվ, մարդկանց հիշողության մեջ ամենաողբերգական էջը Հայոց ցեղասպանության իրադարձություններն են` 1915-1918 թթ.»,-գրում է պարբերականը:
Այսօր Հայաստանը դարձել է եվրոպացի զբոսաշրջիկների ամենագերադասելի վայրերից մեկը բյուջետային ուղղությունների շրջանակում: 2014-ին Հայաստան է այցելել 1,2 մլն զբոսաշրջիկ` աճը 2013-ի համեմատ կազմել է 11,3 %:
«Վերջին շրջանում Հայաստանը նաև ավելի գրավիչ է դարձել ամերիկացի զբոսաշրջիկների համար: Լեռները հնարավորություն են տալիս զբաղվել ակտիվ հանգստի տարբեր ձևերով»,-գրում է Fox news-ը:
Մշակութային առումով Հայաստանը ևս շատ բան ունի ներկայացնելու որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկիր: Անհամար եկեղեցիներն ու վանքերը միշտ բաց են այցելությունների համար: «Հայաստանը նաև աչքի է ընկնում հուսալի հասարակական տրանսպորտով և համեմատաբար ցածր գներով: Օրինակ, գիշերը 5-աստղանի հյուրանոցում մոտ 130 դոլար է»,-հայտնում է Fox news-ը:
Դրախտային հանգստի ցանկում Հայաստանի մրցակիցներն են Կոլումբիան, Հարավային Աֆրիկան, Նիկարագուան, Հյուսիսային Իռլանդիան, Ռուանդան, Խորվաթիան, Բիրման, Յամայկան, հայտնում է sputnikarmenia.ru-ն: