29 օգոստոսի 2015 - 10:17 AMT
Թուրքիայի ժամանակավոր կառավարությունը ձևավորված է. Անդամներից 2-ը քուրդ են

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրապարակել է երկրի ժամանակավոր կառավարության կազմը, որն արդեն հաստատվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նախորդ կառավարության 15 նախարարներ պահպանել են իրենց տեղերը նոր կառավարության կազմում, սակայն 11 նախարարական պորտֆել նոր նախարարների է տրվել։

Կառավարության կազմում կան ինչպես անկուսակցական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Երկրի նոր, ժամանակավոր կառավարության կազմում տեղ են գտել «Արդարություն և զարգացում» կուսակցության 11, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 2 և «Ազգայնական շարժում» կուսակցության 1 անդամ, ինչպես նաև 11 անկուսակցական նախարար, հայտնում է Tert.am-ը:

Կառավարության հենց այս կազմով էլ Թուրքիան նախապատրաստվելու է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը չկարողացավ կոալիցիայի ստեղծման շուրջ համաձայնության հասնել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ինչն անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության ձևավորման մանդատը վերադարձրեց նախագահ Էրդողանին: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա:

Նոր կառավարության կազմում տեղ չի գտել երկրի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է խորհրդականը՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ վարեց մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Photo. RIA Novosti