Ուկրաինայի սահմանադրության մեջ ապակենտրոնացման մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են սկսվել հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև: Բախումների ընթացքում նաև պայթյուն է որոտացել: Կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ, ըստ տեղեկությունների, ազգային գվարդիայի մարտիկների շրջանում կան նաև զոհեր, սակայն ազգային գվարդիան չհաստատեց այդ լուրը` հայտարարելով, որ կան ծանր վիրավորներ: ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գեռաշչենկոն հայտարարել է, որ Ազգային գվարդիայի տուժած մոտ 100 վիրավոր անդամներից 4-ը կրիտիկական վիճակում են:
Վիրավորների թվում է նաև ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը:
Ցուցարարները պարբերաբար Գերագույն ռադան գրոհելու փորձեր են ձեռնարկում: Նրանք պայթուցիկներ են նետում իրավապահների ուղղությամբ: Ռադայի առջևի հրապարակը պատված է ծխով: Բացի այդ, ցուցարարները նաև քարեր են նետում խորհրդարանի պատուհաններից ներս:
Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկայի ներկայացմամբ օգոստոսի 31-ին առաջին ընթերցմամբ ընդունեց երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որոնք վերաբերում են ապակենտրոնացմանը: Նախագիծը քննարկվում էր Գերագույն ռադայում շրջափակված ամբիոնի պայմաններում: «Ռադիկալ կուսակցության» անդամ պատգամավորները խմբակցությունների ղեկավարների ելույթների ժամանակ բղավում էին` «խայտառակություն», ինչպես նաև օգտագործում ազդանշան` խանգարելու համար նախագահի նախագծին սատարող խորհրդարանականների ելույթներին:
Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է անկարգությունները Գերագույն ռադայի շենքի մոտ որակել որպես ահաբեկչություն, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի օգնական Գերաշչենկոն: