1 սեպտեմբերի 2015 - 14:55 AMT
Թուրք նախարարը պարզաբանում է Ցեղասպանության մասին իր հայտարարությունը. Պետք է առերեսվել անցյալին (թարմացված)

Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմկորատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան ներկայացրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի հարցին ի պատասխան` նախարարը ասել է, թե ակնհայտ է համարում այն, որ կոտորած եղել է:

«Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք», - ասել է Քոնջան, թուրքական Sabah պարբերականին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը:

Sabah-ը նաև հայտնում է, որ ԺԴԿ-ական նախարարներ Մուսլում Դողանը (Զարգացման նախարար) և Քոնջան Թուրքիայում ահամբեկչության դեմ պայքարի միջոցառումներին դեմ արտահայտվելու կամ իրենց հայտարարություններով և վարվելակերպով Թուրքիային միջազգային ասպարեզում բարդ իրավիճակի առջև կանգնեցնելու դեպքում` պաշտոնանկ կարվեն՝ ըստ սահմանադրության 109-րդ հոդվածի:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հարցի վերբերյալ ասել է, որ վերոնշյալ նախարարները «չափը պետք է չանցնեն»: Դավութօղլուն նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր, ասել է.

«Այստեղ աշխատելով նրանց պարտականություն է այնպիսի վարք որդեգրել, որը մեզ, որպես Թուրքիայի Հանրապետության և ազգի ներկայացուցիչ ծանր կացության մեջ չի դնի», - ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր:

Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ ԺԴԿ-ական երկու նախարարի պաշտոնանկության դեպքում նրանց զբաղեցրած պաշտոնները կփոխանցվեն անկուսակցական գործիչերի:

Ավելի ուշ Քոնջան հանդես է եկել նոր հայտարարությամբ: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի` նախարարը, ում հայտարարությունը թուրքական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր քննադատության, իր վերջին հայտարարության մեջ ասել է.

«Թուրքիան պետք է առերեսվի անցյալի իրողություններին: Մի՞թե 1915-ին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է», - ասել է նախարարը՝ հավելելով, որ չի օգտագործել «ցեղասպանություն» արտահայտությունը: