19 հոկտեմբերի 2006 - 14:07 AMT
Ֆ.Կրուչանելլի. Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական ուղին քաղաքականն է
Հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Իտալիայի փոխարտգործնախարար Ֆամիանո Կրուչանելլիին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն: Հանդիպման սկզբում Ֆ.Կրուչանելլին հայտնեց իտալական կողմի պատրաստակամությունը Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու եւ օժանդակելու հարցում: Նա իր մտահոգությունը հայտնեց, որ Եվրամիությանն անդամակցելու ուղին որդեգրած Թուրքիան ունի փակ սահմաններ Հայաստանի հետ: Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերը անդրադարձան երկու երկրների միջեւ իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: Խոսեցին նաեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին:
Անրադարնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` Սերժ Սարգսյանը ասաց, որ «խնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների միջոցով», ինչին փոխարտգործնախարար Ֆամիանո Կրուչանելլին համաձայնեց եւ հավելեց, որ հակամարտության կարգավորման հիմնական ուղին քաղաքական ճանապարհն է, եւ այս ճանապարհին մեծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Խոսելով տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է. «Մենք գտվում ենք բարդ աշխարհաքաղաքական շրջանում, եւ Հայաստանը, շահագռգռված լինելով տարածաշրջանի կայունության մեջ, իր համեստ ներդրմամբ մասնակցում է միջազգային անվտանգության ապահովման գործընթացներին»: