19 հոկտեմբերի 2006 - 14:29 AMT
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին ափսոսում է, որ չի հանդիպել Հայաստանի նախագահի հետ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլի Ֆինլին չափազանց կարեւորում է այն, որ 2007 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու համար հրավիրվեն դիտորդներ նաեւ ԵԱՀԿ-ից: Այդ մասին Ջուլի Ֆինլին հայտարարել է լրագրողներին հոկտեմբերի 19-ին Երեւանում թրաֆիկինգի խնդրին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսի ավարտին: Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նկատել է, որ նրա զրուցակիցներից մեկը Երեւանում ոչ ֆորմալ զրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ-ից, սակայն, ինչպիսին կլինի այդ առաքելությունն` երկարաժամկետ թե կարճաժամկետ, դեռեւս պարզ չէ: «Մենք մեր կողմից կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ընտրությունների ընթացքին հետեւլու համար հրավիրել ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ առաքելություններ, քանի որ մենք բոլորս գիտենք, թե որքանով է կարեւոր ողջ ընտրական գործընթացի դիտարկումը»,-հավելել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով, հնարավոր են արդյոք Հայաստանում ազնիվ եւ արդար ընտրություններ, Ջուլի Ֆինլին ասել է.«Իմ բոլոր զրուցակիցները Հայաստանում, պաշտոնատար անձիք, հավաստիացնում են, որ հայկական կողմը մտադիր է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել 2007 թվականին, դեռեւս ես նրանց չհավատալու ոչ մի պատճառ չունեմ»: Նա մեծ ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ իրեն չի ընդունել Հայաստանի նախագահը, հավանաբար, աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով: «Հավանաբար, նա չի հանդիպել ինձ հետ, քանի որ կարծել է, թե ես հմայք չունեմ եւ անհետաքրքիր զրուցակից եմ»,-ասել է նա: «Սակայն, սա իմ այցի միակ բացասական պահն է: Իմ հիմնական նպատակներից մեկն էր հանդիպել նախագահին եւ քննարկել նրա հետ Հայաստանի ապագայի իր պատկերացումները: Ես չեմ պատրաստվում խորանալ մանրամասների քննարկման մեջ, քանի որ մանրամասները ես պահել եմ աշխատակազմի համար: Գուցե նա չկարողացավ հանդիպել ինձ հետ, ենթադրելով, թե ես պետք է սովորեցնեմ իրեն թե ինչ անել եւ ինչպես»,-ասել է Ֆինլին:
Մինչդեռ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նախապես չէր դիմել Հայաստանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Բացի այդ, ըստ ընդունված կարգի, այս կամ այն կազմակերպությունում այլ պետության դեսպանը չի պատկանում այն պաշտոնյաների թվին, որոնց ընդունում է երկրի նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: