19 հոկտեմբերի 2006 - 15:10 AMT
Ժակ Շիրակը չի խոստացել Էրդողանին միջամտել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը
Ֆրանսիայի ընդդիամդիր Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները քննադատությամբ են հանդես եկել երկրի նախագահ Ժակ Շիրակի հասցեին, որը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել այն բանի համար, որ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: «Մենք հիասթափված ենք, որ Ժակ Շիրակը ներողություն է խնդրել խորհրդարանի աշխատանքի համար: Այս դեպքում ստացվում է, որ պետական գործիչները մարդու իրավունքների դեմ են հանդես գալիս»,-հայտարարել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկը` Դիդյե Միգոն: Հիշեցնենք, որ ըստ Էրդողանի, հեռախոսազրույցի ժամանակ Ժակ Շիրակը խոստացել է անել հնարավորը, որ Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը չընդունվի: Մինչդեռ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ այդ զրույցի ընթացքում Ժակ Շիրակը չի խոստացել միջամտել օրենքի ընդունման գործընթացին եւ չի երաշխավորել, թե փաստաթուղթը չեղյալ կհայտարարվի, հաղորդում է «Turkish Daily News»-ը: