19 հոկտեմբերի 2006 - 16:30 AMT
Ա-320-ի կործանումը հանցավոր «հաշիվներ մաքրելու՞» արդյունք է
Մայիսի 3-ին «Արմավիա» ընկերության Ա-320 օդանավի վթարը ինքնաթիռում ծավալված հանցավոր «հաշիվներ մաքրելու» հետեւանք է: Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին Երեւանում հայտարարել է «Հայկական ավիաուղիների» 42-ամյա ստաժով օդաչու Վլադիմիր Պողոսյանը: Նրա խոսքերով, մինչ թռիչքը երկու հանցավոր խմբավորումներ «հաշիվներ են մաքրել», որոնց սակայն թույլ են տվել նստել ինքնաթիռ, որի հետեւանքով «հաշիվների մաքրումը» շարունակվել է թռիչքի ընթացքում: Վ.Պողոսյանը նշել է, որ «չորս հեռախոսազանգ է ստացվել Ռուսաստանի քաղաքացիներից այն մասին, որ ինքնաթիռում հրաձգություն է գնում»: Հայ օդաչուն գտնում է, որ ըստ Սոչիի օդակայանի վայրէջքի սխեմայի, անձնակազմը պետք է որոշում կայացնի վայրէջքի մասին 600 մետր բարձրության վրա, իսկ քանի որ «եղանակը չէր համապատասխանում օդակայանի մինիմումին, ապա ոչ մի անձնակազմ իրավունք չուներ վայրէջք կատարել»: «Անհասկանալի է մնում, թե ինչու է անձնակազմը որոշել վայրէջք կատարել Սոչիում»,-ասել է Վ.Պողոսյանը: Ըստ Վ.Պողոսյանի, անհրաժեշտ է անկախ հայկական հանձնաժողովի քննությունը, քանի որ պաշտոնական հետաքննությունը դեռերս չի ավարտվել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ 26 հուլիսին հրապարակված ՄԱԿ-ի նախնական եզրակացության, Ա-320 հայկական օդանավի կործանման պատճառ են հանդիսացել օդանավի հրամանատարի ոչ ադեկվատ գործողությունները: Ըստ եզրակացության, օդանավի շարժիչ կամ համակարգերի խափանում չի գրանցվել, ինքնաթիռը արձագանքել է ավտոպիլոտի եւ անձնակազմի գործողություններին, իսկ վառելիքի մակարդակը բակերում բավարար է եղել թռիչքի հաջող ավարտի համար:

«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավը կործանվեց Սեւ ծովում մայիսի լույս 3 գիշերը, երբ վայրէջքի էր գնում Սոչիի օդակայանում: Զոհվեցին ինքնաթիռի 105 ուղեւորները եւ անձնակազմի 8 անդամները: