7 սեպտեմբերի 2015 - 13:53 AMT
Սահմանին ապաստարաններ են կառուցվում. Պատգամավորները կփորձեն ԱԺ-ում քննարկել բնակիչներին զինելու հարցը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը, ով սեպտեմբերի 5-ին այցելել էր Տավուշի մարզ, սեպտեմբերի 7-ին լրագրողներինհայտնել է, որ սահմանապահ գյուղերում ապաստարաններ են կառուցվում, որոնք հնարավոր հրթիռակոծության դեպքում բնակիչների համար թաքստոց կլինեն:

«Ժողովուրդը վճռական է, և որևէխուճապային տրամադրություն չկա», - ասել է Բաբայանը:

Նա նաև հայտնել է, որ բնակիչների հետ քննարկել են սահմանապահ համայնքներում տղամարդկանց զենքի տրամադրման հարցը, և առաջիկայում փորձելու են օրենսդրական նախաձեռնությամբ քննարկում կազմակերպել, որպեսզի նրանց թույլատրվի զենք կրել՝ ինքնապաշտպանվելու նպատակով, գրում է Tert.am-ը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանն այցելել են Տավուշի շրջանի սահմանապահ Բաղանիս, Ոսկեւան, Կայանավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար ու Բերքաբեր գյուղերը: Նրանքայցելել են հրետակոծությունից տուժած ընտանիքներին, հանդիպել գյուղապետերի, գյուղերի բնակիչների հետ:

Սահմանամերձ գյուղեր էր այցելել նաևԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Տավուշի մարզի Կոթի համայնքում սեպտեմբերի 7-ի գիշերը համեմատաբար ավելի հանգիստ է եղե, հայտնել է համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը:

«Այդքան էլ լարված չի եղել, ինտենսիվ կրակոցներ չեն եղել», - ասել է Մելիքյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ օրեր առաջ Կոթի գյուղում հրազենային վիրավորում ստացած երկու բնակչի (մայր և որդի Նազիկ և Վազգեն Ավդալյաններ) վիճակը բավարար է, բայց դեռևս հիվանդանոցից դուրս չեն գրվել:

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում ևս գիշերը համեմատաբար ավելի հանգիստ է եղել: Այս մասին հայտնել է համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրըհակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով: