
Ադրբեջանը պատերազմ սկսելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու կարողունակությունից զուրկ է: Այս մասին գրել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին:
Ըստ Մելիքյանի՝ նման քայլի դիմելու համար նախագահ Ալիևը որոշ արտաքին դերակատարների քաղաքական, դիվանագիտական և ռազմա-տեխնիկական աջակցության կարիքն ունի և այժմ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմաններում նա կարող է և այդ աջակցությունը ստանալ:
Նա նաև նշել է, թե խաղաղ կարգավորման գործընթացն իրականում շատ ավելի ընդգրկուն է և դրա վերջնարդյունքը չի կարող հանգել ընդամենը ռուս-ադրբեջանական պարզունակ գործարքից բխող պայմանավորվածությունների երկկողմ համաձայնեցմանը:
«Այդուհանդերձ ցանկացած օտարերկրյա կարևոր պաշտոնատար անձի այցը պաշտոնական Բաքուն կձգտի զուգորդել ռազմական սրացումներով ճակատային գծում, քանի որ այդ պահվածքը ադրբեջանական կողմի քաղաքական մոտեցումների անքակտելի մասն է կազմում: ՌԴ արտգործնախարարի այցն այս առումով անակնկալներ չի պարունակել»,-գրել է Մելիքյանը:
Ըստ նրա՝ այլ հարց է, որ անգամ այդ դեպքում Հայաստանի և Արցախի հանդեպ առավելության հասնելու հնարավորություններն Ադրբեջանի համար էապես չեն աճի: Ավելին՝ պատերազմ հրահրելու դեպքում մեր ռազմատենչ հարևանը կարող շատ ցավալի ու անդառնալի կորուստներ ունենալ:
«Ես կարծում եմ, որ ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հավանական հերթական հանդիպման կազմակերպման դեպքում այս անգամ կարևորը լինելու է ոչ այնքան նրանց հանդիպման փաստը, որքան դրան ընդառաջ սպասվող և դրան հաջորդելիք համանախագահների գործողությունները: Ես չեմ բացառում, որ նրանց կողմից կարող են հնչեցվել որոշ նոր ու սկզբունքային արժեք ունեցող գաղափարներ»:
Սեպտեմբերի 1-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպմանը Լավրովը բարձր է գնահատել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների փախհամագործակցությունը: Կողմերըքննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այս հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի:
Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:
Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
Սեպտեմբերի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: