20 հոկտեմբերի 2006 - 14:47 AMT
Ադրբեջանում մտադիր են շենքից զրկել ընդդիմադիր կուսակցության խմբագրությանը
Ադրբեջանի պետական գույքի կառավարման կոմիտեն հայցով դիմել է տնտեսական դատարան, պահանջելով վտարել «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի խմբագրությանը Բաքվի կենտրոնում գտնվող շենքից: Ըստ հայցի, այդ շենքից պետք է արտաբնակեցվեն ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության, «Մեր ուղին» թերթի, «Թուրան» տեղեկատվական գործակալության, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի եւ մի շարք այլ կառույցների գրասենյակները: Ընդ որում պետական կոմիտեն խնդրում է դատարանին չեղյալ հայտարարել մայրաքաղաքի քաղաքապետարանի որոշումը, որը 1992 թվականին շենքը հանձնել է «Ազադլիգի» խմբագրության տնօրինությանը, ինչպես նաեւ պահանջում է թերթից փոխհատուցել շուրջ 30 հազար դոլար կազմող վնասը առանց վարձակալության շենքն օգտագործելու համար: Ինչպես հաղորդել է «Ազադլիգ» թերթի տնօրեն Ազեր Ահմեդովը, քաղաքապետի հրահանգը, որի համաձայն խմբագրությունը 14 տարի է ինչ զբաղեցնում է այդ շենքը, չի նախատեսում վարձավճարի գանձում որեւէ կառույցի կողմից: Թերթի ներկայացուցիչները այդ իրադարձությունները համարում են ճնշում եւ ընդդիմադիր պարբերականը փակելու փորձ: Իրենց կարծիքով, թերթի դեմ ծավալված արշավը քաղաքական պատվեր է, որն արտոնվել է «բարձր մակարդակում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: