9 սեպտեմբերի 2015 - 19:55 AMT
Թոշակառուների համար լավագույն 96 երկրից ՀՀ-ն 43-րդն է

Հայաստանը թոշակառուների համար լավագույն երկրների ցանկում 43-րդն է: Այդ մասին վկայում է Age International կազմակերպությունը հրապարակած ամենամյա Global AgeWatch ինդեքսը, որը դասակարգում է երկրները՝ հաշվի առնելով թոշակառուների կյանքի որակն ու առողջությունը։ Դրանում ներառված է 96 երկիր:

2014-ին Հայաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը՝ 96 երկրից, իսկ 2013-ին՝ 51-րդ տեղը՝ 91 երկրից:

Վրաստանը 2015-ի ցանկում զբաղեցրել է 29-րդ տեղը, Ռուսաստանը՝ 65-րդ, Թուրքիան՝ 75-րդ։ Ցանկում Ադրբեջանն ու Իրանը չկան։

Տարեց մարդկանց համար լավագույն երկիր են ճանաչել Շվեյցարիան: Հենց այդ եվրոպական երկրում է թոշակառուներին տրամադրվում առավելագույն հոգատարություն և ուշադրություն, գրում է Tert.am-ը:

Շվեյցարիային հետևում են Նորվեգիան և Շվեդիան: Առաջին տասնյակում են նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կանադան: Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենալավ դիրքը գրանցել է Էստոնիան՝ 23-րդ տեղը: Ցանկը եզրափակում է Աֆղանստանը, իսկ հարևաններն են Պաղեստինը, Պակիստանը և Մոզամբիկը:

Տվյալների համաձայն՝ առաջին տասնյակում ընդգրկված երկրներում տարեց մարդիկ թոշակի անցնելուց հետո ապրում են մոտ 26 տարի, մինչդեռ վարկանիշային ցանկի վերջին հորիզոնականների երկրներում այդ ցուցանիշը չի գերազանցում 16 տարին։

Ինչպես նշում են մասնագետները, զեկույցում ընդգրկվել է աշխարհի երկրների միայն կեսը, քանի որ ՄԱԿ-ի անդամ երկրների ոչ բոլոր կառավարություններն են համաձայնել տեղեկություններ տրամադրել իրենց տարեց քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրության մասին:

ՀՀ-ում աշխատանքային կենսաթոշակը կազմում է 16.000 դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին 10 տարվա համար 800 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ: Վերջին անգամ կենսաթոշակները բարձրացել էին 2015-ի հունվարի 1-ին: 2013-ի դեկտեմբերի 26-ին կառավարությունը հիմնական կենսաթոշակի չափը սահմանել էր 14.000 դրամ: