21 հոկտեմբերի 2006 - 15:04 AMT
Հայաստանի եւ Չինաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգանում է` ընդգրկելով նորանոր ոլորտներ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուին, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանը գոհունակությամբ նշել է հայ-չինական քաղաքական երկխոսութան բարձր մակարդակը եւ ասել. «Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին եւ շահագրգիռ է, որ երկկողմ կապերը լինեն շատ ավելի դինամիկ ու համակարգված»: Ընդգծելով Չինաստանի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, ՀՀ նախագահը բարձր է գնահատել այդ երկրի հավասարակշիռ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:
Սյու Ցզյալուի խոսքով, հայ - չինական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է` ընդգրկելով նորանոր ոլորտներ: Նա երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար առանցքային է համարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2004թ. Չինաստան կատարած պետական այցը: Զրուցակիցներն ընդգծել են նաեւ Հայաստանի եւ Չինաստանի արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում` նշելով, որ շատ հարցերում երկու երկրներն ունեն գրեթե միանման դիրքորոշում: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ: