11 սեպտեմբերի 2015 - 14:52 AMT
ԱՄՆ պետդեպի կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ «վերջ դնել բռնություններին, թուլացնել լարվածությունը»

ԱՄՆ պետքարտուղարությունը «վստահելի զեկույցներ» է ստացել, որոնց համաձայն, հայկական և ադրբեջանական զինված ուժերն «ականանետներ և այլ մեծ տրամաչափի զենք են օգտագործել միջազգային սահմանի ամբողջ երկայնքով, որի արդյունքում քաղաքացիական զոհեր են գրանցվել և գյուղեր են վնասվել»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի՝ սեպտեմբերի 10-ին տարածած հայտարարության մեջ:

«Խորապես մտահոգված ենք իրավիճակի սրումով և դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն, որը թիրախավորում է խաղաղ բնակիչներին: Կոչ ենք անում անհապաղ վերջ դնել նման բռնություններին, հասնել լարվածության թուլացման, հնարավորինս խուսափել քաղաքացիական զոհերից:

Նաև հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որ նրանք պարտավորված են հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, գործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասվում է հայտարարությունում:

Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր:Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը: