Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունները սառեցվել են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խորհրդականի օգնական Սեֆա Սադըք Այթեքինը:
«Ռուսաստանի հետ բանակցությունները այս վիճակով մտել են փակուղի: Ռուսները «BOTAŞ»-ի և «Gazprom»-ի միջև զեղչի հետ կապված բանակցությունները դիտարկում են որպես «Թուրքական հոսք»-ի համար նախապայման: Մենք էլ դա դիտարկում ենք որպես մեկնակետ», - ասել է Այթեքինը, թուրքական Haber7 լրատվամիջոցին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Թուրք պաշտոնյան հավելել է, որ եթե ռուսական կողմը առանց նախապայմանի գնար զեղչի, ապա այժմ ավելի հուսադրող հանգրվանի հասած կլինեինք: Միաժամանակ նա նկատել է, որԹուրքիան բնական գազ գնելու ծավալներով Գերմանիայից հետո հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր գործընկերը:
Հուլիսի 31-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ ռուսական «Գազպրոմ» և թուրքական Botas ընկերությունները պայմանավորվել են գազի գնի զեղչի վերաբերյալ: Ըստ նրա, զեղչը կկազմի 10,25%: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան հետաձգել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունները՝ գազի գնի շուրջ վեճի պատճառով:
Թուրքիան 1 խորանարդ մետր ռուսական գազը գնում է $425-ով:
Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Ըստ «Գազպրոմի» կանխատեսումների, գազամուղի շինարարությունը պետք է ավարտվի 2016-ի դեկտեմբերին: Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: 1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ «Թուրքական հոսքը» պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։
«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել էր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու և գազի մատակարարումներն սկսելու մասին: Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։
Նախագծի երկու գլխավոր մասնակիցը՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։
Վերջերս Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Ինտերֆաքսին տված հարցազրույցում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: