11 սեպտեմբերի 2015 - 18:14 AMT
Google-ը գործարկեց Android Pay սեփական վճարային համակարգը

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է նոր Android Pay վճարային համակարգի գործարկման մասին, որը ներկայացվել էր Android 6.0 Marshmallow պլատֆորմի հետ միասին՝ մայիսին կայացած Google I/O 2015 մշակողների համաժողովի ընթացքում։ Մոտ օրերս համակարգը հասանելի կլինի ծառայության հետ համատեղվող բոլոր սարքավորումների օգտատերերի համար, որոնց թվում են NFC-մոդուլով հագեցած և Android 4.4 KitKat ու բարձր օպերացիոն համակարգերով աշխատող գաջեթները։

Near field communication-ը, կամ NFC-ն («մոտ դաշտի կոմունիկացիա», «մոտակա անշփում կապ») իրենից ներկայացնում է գործողության կարճ շառավիղ ունեցող անլար բարձր հաճախականության տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մոտ 10 սմ հեռավորության վրա գտնվող սարքավորումների միջև տեղեկատվություն փոխանցել։

Android Pay-ի օգնությամբ օգտատերերը կկարողանան վճարել ապրանքների ու ծառայությունների դիմաց ԱՄՆ տարածքում գործող ավելի քան մեկ միլիոն վաճառակետերում։ Այն համատեղվում է American Express, Discover, MasterCard և Visa քարտերի հետ, որոնք թողարկվում են շատ հայտնի բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից։

Google-ում հատուկ նշում են, որ Android Pay-ն անվտանգ վճարային համակարգ է, որը վաճառողներին տեղեկատվություն չի փոխանցում օգտատիրոջ վարկային քարտի մասին, այլ դրա փոխարեն կիրառվում են վիրտուալ հաշիվներ։ Վճարման իրականացումից հետո համակարգը տեղեկացնում է օգտատիրոջը դրա մասին ու պատմում, թե որտեղ է այն իրականացվել։

Google-ում խոստացել են կատարելագործել համակարգի գործառույթները և ընդլայնել գործընկեր երկրների ցանկը։