15 սեպտեմբերի 2015 - 15:52 AMT
ՀՀ նախագահ. Իրավիճակը ՀՀ և Ադրբեջանի սահմանին կարող է ապակայունանալ

Սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբերում, որտեղ նա մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ:

Ելույթ ունենալով նստաշրջանի մասնակիցների առջև` Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հանդիպում են ունեցել նեղ կազմով` քննարկելով սուր հարցերը, և հանդիպումն «ավանդաբար կրել է անկեղծ բնույթ և անցել է վստահության մթնոլորտում»:

«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանում սետղծված իրավիճակի մասին` շեշտը դնելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության զգալի աճի սպառնալիքի վրա: Երկրորդ անգամ կանգ չեմ առնի այս հարցի վրա, ուղղակի կնշեմ, որ իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը միջազգային հանրության համարժեք արձագանքի բացակայության պայմաններում հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,-ասել է ՀՀ նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների Խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը:

Նստաշրջանի ավարտից հետո Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփել են նստաշրջանի արդյունքները:

ՀԱՊԿ անդամ վեց երկրների ԱԳ, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի արդյունքներով ՌԴ ՊՆ հենքի վրա կստեղծվի ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոն: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվեն խաղաղապահ ուժերի «Անխախտ բարեկամություն-2015» զորավարժություններ հավաքական անվտանգության համակարգի օպերատիվ և մարտական պատրաստականության կատարելագործման շրջանակում: