16 սեպտեմբերի 2015 - 13:00 AMT
Լևոն Հայրապետյանն ազատվել է տնային կալանքից՝ երկրից չհեռանալու պայմանով

Հայազգի գործարար և բարերար, «Բաշնեվթ»-ի գործով մեղադրյալ Լևոն Հայրապետյանը ազատ է արձակվել տնային կալանքից:

Քննիչի որոշմամբ Հայրապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ, ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Նման որոշումն ընդունվել է, քանի որ լրացել է օրենքով նախատեսված կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը։ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 15-ին:

«Բաշնեվթի» գործով նա կալանքի տակ էր 2014-ի հուլիսի 17-ից, իսկ մեքենայությունների միջոցով $700.000 հափշտակելու գործով՝ 2014-ի սեպտեմբերից: 2-րդ գործով դատախազությունը չէր հաստատել մեղադրանքը` վերադարձնելով նյութերը նոր քննության:

Սեպտեմբերի 7-ին ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է ներկայացրել Լևոն Հայրապետյանին: Այս անգամ Հայրապետյանը մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մայրիկից 2010-ին $700.000 հափշտակելու համար:

Քննության համաձայն՝ այդ գումարն Իզմեստևան տվել է գործարարին որպես կաշառք՝ իր որդու ճակատագիրը մեղմելու նպատակով: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը չի հաստատել Հայրապետյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է լրացուցիչ քննության: Քննչական ծառայության տեղեկություններով՝ $700.000-ը պետք է ծախսվեր ԶԼՄ-ներում PR-արշավի վրա՝ Իզմեստևի գործով դատական վճռի վրա ազդելու նպատակով: Սեպտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ Հայրապետյանի կողմից Իզմեստևից գումար հափշտակելու գործով քննությունը երկարացվել է մինչև նոյեմբերի ավարտը:

Հայրապետյանի դեմ կա ևս մեկ հարուցված քրեական գործ: Նրան մեղադրում են 2009-ի ապրիլին Ռախիմովի կողմից «Բաշնեֆտի» վաճառքին մեղսակից լինելու մեջ: Ծավալուն արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձվել է պետությանը:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Լևոն Հայրապետյանի դատապաշտպանների բողոքի դիմումը տնային կալանքի ժամկետի երկարացման դեմ: Այսպիսով Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը:

Հուլիսի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգեց «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Քննությունը խնդրել էր երկարաձգել կալանքի ժամկետը՝ վկայակոչելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործի նյութերին ծանոթությունը:

Դատարանն իր որոշմամբ նաև մերժեց պաշտպանության խնդրանքը՝ գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատ արձակել Հայրապետյանին: «Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում, ինչպես նաև՝ ՌԴ-ի և Հայաստանի երկքաղաքացիություն Մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից և դատարանից: Բացի այդ, նա բավական գումար ունի, որոնց միջոցով խափանման ձևը փոխելու դեպքում կարող է ԶԼՄ-ներով քրեական գործի հետաքննության հետ կապված ակցիաներ իրականացնել՝ այդպիսով վարկաբեկելով քննությունը», - ասել է դատախազը: Հայրապետյանի փաստաբանը չի համաձայնել պատճառաբանություններին՝ հայտարարելով, որ այժմ պաշտպանյալը չունի անձնագիր, այդ պատճառով նա չի կարողանա թաքնվել:

Մինչդեռ ինքը Հայրապետյանը խնդրում է քրեական գործ հարուցել քննչական խմբի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ` ՌԴ ՔՕ 286 հոդվածով: Այդ մասին հայտնել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ըստ նրա, գործի նյութերից բխում է, որ քննիչ Վեսելևը 2014 թ. սեպտեմբերի 8-ին հանձնարարել է ոստիկանությանը մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել փաստաբանների դեմ, մասնավորապես, պարզել ավտոմեքենաների երթուղին ու նրաց ունեցվածքի մասին տեղեկություններ ստանալ: Ըստ դաշնային համապատասխան օրենքի, փաստաբանների դեմ օպերատիվ միջոցառումներ կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ, որը չի եղել:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ: