16 սեպտեմբերի 2015 - 13:35 AMT
ՀՀ-ն ներկայացնող զույգը՝ առագաստանավային սպորտի ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Ֆրանսիայի Կառնակ քաղաքում անցկացված առագաստանավային սպորտի կատամառան դասի աշխարհի առաջնության Կլասիկ կատամառան դասում 10 մրցափուլ հաղթահարելուց հետո աշխարհի չեմպիոն են դարձել Հայաստանը ներկայացնող Միշել Զաքարյան և Ջերեմի Իալենտի զույգը, հայտնում են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Կառնակում սեպտեմբերի 5-12-ը ացկացված առագաստանավային սպորտի կատամառան դասի աշխարհի առաջնությանը մասնակցել են մոտ 15 երկրի առագաստանավորդներ:

Հայաստանը ներկայացնող մարզիկները Սևանի ջրային ձևերի մարզադպրոցի մարզաբազայում են մարզվել, անձնական մարզիչը Հայկ Սուքիասյանն է, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը՝ Սմբատ Հակոբյանը:

Օգոստոսին Ռուսաստանը ներկայացնող Մարիամ Սեհպոսյանը նվաճել էր Եվրոպայի առաջնության ոսկին վինդսերֆինգի օլիմպիական RS:X դասում: Մեդալի համար մրցավազքը տեղի է ունեցել 26 հանգույց ուժգնության քամու ուղեկցությամբ, սակայն Սեհպոսյանին հաջողվել է երկրորդը գալ: Ընդհանուր առմամբ RS:X դասում տեղի է ունեցել 11 որակավորման մրցություն և վերջինը եղել է մեդալի համար: Այս արդյունքը թույլ կտա մարզուհուն պահպանել առաջատար դիրքն ու առաջին տեղը նվաճել ռեգատայի արդյունքում:

Մրցումներն անցել էին Առագաստանավային սպորտի եվրոպական ֆեդերացիայի հովանավորությամբ ֆրանսիական Բրեստ քաղաքի օլիմպիական բազայում: Մրցումներին մասնակցել են մարզիկներ 17 երկրից: