Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության կողմերը կանեն հնարավորը լարվածության թուլացման համար:
«Հույս ունեմ, որ կողմերը կանեն իրենցից կախված ամեն ինչ՝ լարվածության թուլացման համար», - ասել է դեսպանը:
Նա նշել է, որ լարվածության հետևանքով երկու կողմերն էլ կորուստներ են ունենում, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:
«Վերջերս ես բանակցում էի Ադրբեջանում որոշ մարդկանց հետ, և նրանք ինձ պատմեցին, որ հայերն ու ադրբեջանցիները երկար տարիներ խաղաղ են ապրել: Շատերը հույս ունեն, որ այդ ժամանակները կվերադառնան: Դա կախված է նաև արտաքին գործոններից», - հավելել է Մոնյեն:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հնարավոր հանդիպմանը՝ դեսպանը նշել է, որ տեղեկացված է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար, և դրա հիմնական նպատակը, բնականաբար, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների հետագա քայլերի հարցը:
Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:
Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը: